Մայիսի 15-ի երեկոյան Սպիտակ տունը կլուսավորվի երկնագույն լույսերով՝ զոհված իրավապահների հիշատակին։ Համապատասխան կարգադրությունը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Որպես երախտիքի նշան դժվար ծառայություն իրականացնող իրավապահներին, ես ու Մելանիան Սպիտակ տունը երկնագույն կլուսավորենք մայիսի 15-ին»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։ Բացի դրանից նա կարգադրել է, որ մայիսի 15-ին պետական հաստատությունների վրա իջեցվեն ազգային դրոշները ու շարքային ամերիկացիներին էլ է կոչ արել իջեցնել դրոշները տների վրայից։
Մայիսի 15-ին ԱՄՆ-ում նշում են ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հիշատակի օրը։ Սպիտակ տան տվյալներով, անցած տարի ծառայության ընթացքում 118 իրավապահ է զոհվել, նրանցից 66-ը դարձել է միտումնավոր հարձակումների զոհ, ինչը 40 տոկոսով բարձր է 2015-ի ցուցանիշից։





























