ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  մայիսի 14–15-ը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի աշխատանքներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի հիմնական թեման Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու եւ 21-րդ դարում մետաքսի ծովային ճանապարհի համատեղ կառուցումն էր, որի նախաձեռնողը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է:

Այս նախագծում ներգրաված են հարյուրից ավելի երկրներ եւ միջազգային կազմակերպություններ, որոնց մասնակցությամբ եւ աջակցությամբ այն զգալի առաջընթաց է արձանագրել։ Ձեւավորվել է միջազգային համագործակցության խոշոր կոնսենսուս, որը բոլոր մակարդակներում  արդեն  նշանակալի արդյունք է գրանցել։

Ներկայացուցչական համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ եւ բազմաթիվ այլ ընկերություններ։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած լիագումար նիստում քննարկվել են ծրագրի  ֆինանսական հնարավորությունները, անարգել առեւտրին վերաբերող մի շարք հարցեր։ Հաջորդիվ կայացել են խմբային 6 քննարկումներ։

Համաժողովի ընթացքում  նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի բարելավելու Հայաստանի տարանցիկ հնարավորությունները եւ Արեւելյան Ասիայով կապ հաստատելու Ռուսաստանի Դաշնության եւ եվրոպական այլ երկրների հետ:

Հաշվի առնելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Մետաքսի ճանապարհի մի հատվածն է,  ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաեւ Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները եւ դրանց ծավալը մեծացնելու նախապայմանները:

Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել տրանսպորտի ոլորտը կարգավորող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ չինական մի շարք շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: