Ռուսաստանում ակցիզային հարկի նոր ռեժիմը չի խանգարի հայկական գինուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը։
2016 թվականից Ռուսաստանում գործում է գինու ակցիզի նվազեցված դրույքը՝ պաշտպանված աշխարհագրական նշումով։ Մայիսի 5-ին ՌԴ Ֆիննախը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ արտոնությունները վերաբերում են ոչ թե ներկրված, այլ միայն ռուսական գինիներին։
Հայկական գինիների անվանումների աշխարհագարկան նշումները Ռուսաստանում պաշտպանված աշխարհագրական նշում չի համարվում («Արենի», «Վերնաշեն» եւ այլն)։ Բայց դա ոչինչ չի փոխում՝ հայկական գինիները՝ ներկրված լինելով, միեւնույն է չէին կարող հավակնել ակցիզի նվազեցված դրույքին։ Այնուամենայնիվ, ինչպես նկատել են տեղի շուկայի փորձագետները, հայ գինեգործներն այս կամ միջոցով նման ակցիզ ստացել են։ Սակայն այժմ անհրաժշետ կլինի վճարել ոչ միայն սովորական ակցիզի համար, այլեւ վերադարձնել կես տարվա չվճարված տարբերությունը։
«Այդ տեղեկությունները չեմ կարող հաստատել, բայց զուտ օրենքով, հայկական գինիների վրա նախկինում էլ նվազեցված ակցիզի դրույքը չէր ազդում, քանի որ Ռուսաստանում չկան օրենքով ճանաչված հայկական պաշտպանված աշխարհագրական նշումներ։ Բայց այսպես թե այնպես, հայկական գինիները էժան չեն, եւ դրանց արժեքի ակցիզն այնքան էլ նկատելի չէ։ Եթե մեկ շիշ գինի արժե 400-500 ռուբլի, ապա ակցիզի մի քանի տոկոսները սպառողի ընտրության վրա չեն ազդի», - նշել է Դրոբիզը։ Նրա կարծիքով, հավանական է, որ դժվարին դրության մեջ հայտնված ռուս ոգելից ըմպելիքներ արտադրողները, կողմ կլինեն նաեւ ներկրված գինու համար ակցիզի նվազեցված դրույքին։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է հայ գինեգործների համար մնալ հիմնական շուկա։ 2016 թվականին Ռուսաստանի է բաժին ընկել հայկական գինու արտահանման 3/4 -ը։





























