ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մահվան հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի դին հայտնաբերվել է 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտի մահվան դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով ստացված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ:
19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտը բնակվում էր մոր եւ եղբոր հետ: Թե որն է եղել զինծառայողի մահվան պատճառը, հայտնի չէ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 14-ին ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:





























