ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից  կատարվել են մի  քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների եւ աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ եւ պարզվել է, որ կարելի է զգալի խնայողություններ անել:

Այս առնչությամբ, ՏԿԶ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50 մլն. դրամ եւ ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ,  բացառությամբ Երեւանի) 2015, 2016 եւ 2017 թթ-ի ներկայացված բյուջեների եւ կատարված ծախսերի հաշվետվությունները: Մասնավորապես, սննդի ծախսերի, հաստիքների քանակի, սաների քանակի եւ բյուջեների վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան խիստ անհամաչափություններ եւ  մի շարք փոփոխություններ թույլ կտան կանոնակարգել ինչպես մանկապարտեզներում սննդի ծախսերի գրեթե տասնապատիկ անհամաչափությունները, սաների թվի, խմբերի թվի եւ աշխատողների թվի հարաբերակցությունը, այնպես էլ կառաջացնեն լրացուցիչ  խնայողություններ:

2. ՀՀ մարզային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության վերլուծությունն իրականցվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ընդհանուր ծրագիր իրականացնող պետական դպրոցների համար՝ տրոհելով դպրոցները կլաստերների ըստ աշակերտների թվաքանակի:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցների ֆինանսավորման հիմնական սկզբունքի մեջ կան էական բացթողումներ,  որի հետեւանքով բյուջեների վերաբաշխման անհրաժեշտություն կա: Վերհանված ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ դպրոցների ֆինանսավորումը ըստ աշակերտների թվի եւ դրա համար կիրառվող բանաձեւն արդյունավետ չէ:

3. ՀՀ 43 համայնքում աղբահանության ծախսերի վերլուծության  նպատակն է  պարզել մեկ շնչին բաժին ընկնող աղբահանության միջին ծախսը, գնահատել աղբահանության դիմաց գանձվող վճարների հավաքագրման մակարդակը եւ հաշվարկել, թե որ դեպքում է աղբահանության գործընթացը դառնում ինքնածախսածածկ: Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել առկա կառավարման եւ ֆինանսական խնդիրները, նշվել է, որ դրանց վերացման արդյունքում հնարավոր է ունենալ զգալի  տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը ներկայացրել է նաեւ կոնկրետ առաջարկություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ   տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն այցի ժամանակ ներկայացվել են վերոնշյալ վերլուծությունները: Գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, Վարչապետը կարեւորել է նաեւ համայնքների թվայնացումը, ընդգծել, որ արդյունքում մեծածավալ տեղեկատվություն է լինելու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը:

Կատարված վերլուծությունները հասանելի են ՀՀ ՏԿԶ նախարարության նախարարության պաշտոնական կայքէջում: