Ուժային կառույցներում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ֆիզիկական, սեռական բռնությունները, հոգեբանական ճնշումները, խտրական վերաբերմունքը, անհանդուրժողականությունը դրսեւորվել է 100 տոկոսով: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկման ժամանակ ասաց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կատարված հետազոտության արդյունքները:

«Մեդիա դաշտում հոգեբանական ճնշումները, խտրականությունը, անհանդուրժողականությունը դրսեւորվել է 90 տոկոսով: ԼԳԲՏ անձանց ընտանիքներում ֆիզիկական, սեռական բռնությունները կազմում է 60 տոկոս, կրոնական կազմակերպություններում՝ 8 տոկոս»,- ասաց նա:

Նարե Հովհաննիսյանի խոսքով, ուժային, պետական կառույցներում ԼԳԲՏ անձինք խտրական վերաբերմունքի, ծաղրուծանակի են ենթարկվում գործընկերների կողմից: Ընտանիքներում նույնպես խտրական վերաբերմունք կա: Ըստ Նարե Հովհաննիսյանի, նման անձինք կամ փորձում են թաքցնել իրենց կողմնորոշումը, արտագաղթում են կամ մարզերից տեղափոխվում Երեւան:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն էլ նշեց, որ հունվարից առ այսօր տրանսգենդեր անձանց կողմից 30 բռնության դեպք է գրանցվել, 6 անձ էլ անվանափոխություն է արել:

«Տրանսգենդեր անձինք զբաղվում են հիմնականում սեքս աշխատանքով եւ շատ հաճախ են ենթարկվում բռնության»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը: