ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը մայիսի 16-ին, կազմակերպել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը սփյուռքահայ ուսանողների, սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաներն առանձնակի հուզմունքով դիտեցին ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցեցին հանդիսատեսի հետ:
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց ֆիլմը՝ հավելելով. «Պարզապես անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով նկարահանված ֆիլմերի կողքին ստեղծել ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ ձեւավորող նման գործեր»:
Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը եւ դերասանական ողջ կազմը հաճույքով ու նվիրումով են աշխատել Մհեր Մկրտչյանի հետ՝ գիտակցելով, թե որքան կարեւոր ասելիք ունի ֆիլմը ինչպես հայաստանցիներին, այնպես էլ Սփյուռքի հայությանը:
«Ֆիլմը հայության բոլոր շերտերի, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի համար է: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան պատերազմը, որն էլ մեզ մղեց ստեղծելու երկրորդ ֆիլմը», - նշեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Հանդիսատեսն անդրադարձավ նաեւ ֆիլմի երաժշտությանը՝ նշելով, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտությունն ամբողջացնում եւ ավելի հոգեհարազատ է դարձնում ֆիլմը:
«Պատահական չէ, որ Սփյուռքում այդքան լավ ընդունվեց եւ այդպես սիրվեց առաջին ֆիլմը: Վստահ եմ, որ նույն ճակատագրին կարժանանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը», -ասաց սիրիահայ հայրենադարձ տիկին Աշխենը:
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական խմբին նման հնարավորություն ընձեռելու համար եւ հույս հայտնեցին, որ հայ իրականության մեջ կշարունակեն ստեղծվել բարձրարժեք ֆիլմեր:





























