ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների եւ ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաեւ «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:
Այդ հարցերը տեղ են գտել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաեւ քննարկվել են Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.
• ազատազրկման դատապարտված եւ կալանավորված անձանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ, ինչպես նաեւ կարճատեւ մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը եւ ռիսկայնությունը,
• կալանավորված անձանց համար նախատեսել երկարատեւ տեսակցության հնարավորություն,
• մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք,
• առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսել կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորություն՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով,
• ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաեւ կալանավորված անձանց համար,
• քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաեւ կալանավորված եւ ձերբակալված անձանց համար:
Վերոնշյալ նախագծերը եւ դրանց հիմնավորումները ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախագծերը կարծիքի կուղարկվեն նաեւ համապատասխան իրավապաշտպան կազմակերպություններին:
Ստացած կարծիքները կքննարկվեն բոլոր շահագրգիռ մարմինների եւ իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:





























