2016 թվականին  «ՓՄԲ ներդրումներ» պետական կազմակերպությունը վարկավորել է Հայաստանի մոտ 50 փոքր եւ միջին ընկերությունների: Մայիսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

Տարեսզբից վարկեր են ստացել եւս մոտ 20 տնտեսվարող սուբյեկտներ: Կազմակերպությունը փոքր ձեռնարկություններին վարկավորում է շակայականից ավելի ձեռնտու պայմաններով: Թիրախային հաճախորդներն են այն ձեռնարկությունները, որոնք ավելացված արժեք են ստեղծում երկրի ներսում (այդ պատճառով ներմուծմամբ կամ առետրով զբաղվող ձեռնարկությունները չեն վարկավորվում):

«Մենք միջոցները հատկացնում ենք 3-4 տարով՝ շրջանառությունը լրացնելու համար եւ 7 տարով՝ կապիտալ ծախսերի համար, 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով»,- նշեց Բադալյանը: Հիմա ընկերությունը վարկերը տրամադրում է տարեկան միջինը 12 տոկոս տոկոսադրույքով, հայկական դրամով, սակայն միջոցներ է որոնում էլ ավելի մատչելի պայմանների անցնելու համար:

Լրացուցիչ արտոնություններ են ստանում արտահանողները, որոնց սուբսիդավորում են 3-7 տոկոսային կետով, եւ սահմանամերձ գյուղերի բիզնեսը (7 կետով): Այսպիսով՝ արտահանողները կարող են վարկեր ստանալ իրական 5-9 տոկոսով, իսկ գյուղի ձեռնարկատերերը՝ 5 տոկոսով:

Այս տարի սկսել են նաեւ լիզինգի սուբսիդավորում՝ ըստ Գյուղատնտեսության նախարարության ծրագրի: Հատկացվում է տարեկան 9 տոկոսով, որից 7 տոկոսը սուբսիդավորվում է: Ըստ որում՝ եթե արտոնյալ վարկերը նախատեսված են փոքր եւ միջին բիզնեսի համար, ապա սուբսիդավորվող լիզինգ կարող են ստանալ նաեւ խոշոր ընկերությունները:

Արթուր Բադալյանը հիշեցրեց, որ Հայաստանում փոքր եւ միջին են համարվում այն ձեռնարկությունները, որոնք ունեն տարեկան մինչեւ 1,4 մլրդ դրամ (մոտ 2,9 մլն դոլար) շրջանառություն,  մինչեւ 1 մլրդ ակտիվներ եւ մինչեւ 250 աշխատակցի հաստիք (բոլոր 3 չափանիշներին համապատասխանելու դեպքում):