Ձեր ելույթից տպավորություն ստացա, որ Ձեր պատկերացմամբ՝ Ազգային ժողովի նախագահը հիմնարկի ղեկավար է կամ պետ: Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ- օրենքի՝ ԱԺ նախագահը խոսնակն է եւ նրա իրովունքների մեջ չի մտնում կարգադրել պատգամավորներին: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր որոշումների ընդունումը, եթե փոքրամասնության ներկայացուցիչ եք: Արդյոք ձեր աշխատանքը կարող է այդ կերպ ստացվել»,- Էդմոն Մարուքյանին դիմեց Գագիկ Մելիքյանը:

«Ելք»-ից առաջադրված Էդմոն Մարուքյանը համաձայնվեց՝ ինքը չի կարող պարտադրել որեւէ պատգամավորին այլ կերպ քվեարկել. «Հենց դրա համար որեւէ մտավախություն չունեմ, որ ԱԺ նախագահը կարող է լինել փոքրամասնությունից: Յուրաքանչյուր պատգամավոր ազատ է քվեարկելու այնպես, ինչպես ցանկանում է»,- պատասխանեց թեկնածուն:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը: