Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ Հարավ-չինական ծովի հատակից «դյուրավառ սառույց» է արդյունահանվել՝ ջրի ու բնական գազի միացություն, որը բյուրեղանման կարծր նյութի է վերածվել՝ ցածր ջերմաստիճանի ու բարձր ճնշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ հողային եւ բնական ռեսուրսների նախարարության աղբյուրին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այն փաստը, որ մենք կարողացանք հաջողությամբ արդյունահանել այդ օգտակար հանածոն, վկայում է այն մասին, որ տեսական բազաների ու համապատասխան տեխնոլոգիաների տեսանկյունից, Չինաստանը տվյալ ուղղությամբ աննախադեպ հաջողություններ է ձեռք բերել։ Դա նշանակում է, որ մեր երկիրը «դյուրավառ սառույցի» արդյունահնման առումով առաջնային դիրքերում է։ Դա այնպիսի խոշոր իրադարձություն կլինի, ինչպես ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարե հեղափոխությունը»,- ասել է նախարարության երկրաբանական հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան։




























