Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց այս փուլում նա չի կարող իրականացնել այդ առաքելությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երկու թեկնածուներին՝ Արա Բաբլոյանին ու Էդմոն Մարուքյանին:

«Պարոն Բաբլոյանը հեղինակություն ունեցող մարդ է, եւ վստահ եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նա կկարողանա իր հեղինակությամբ, ազդեցությամբ լինել այն մարդը, որը կարող է մի սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող անձանց եւ փորձել գտնել այն մոտեցումները, որոնք ճիշտ են եւ դրա արդյունքում գտնել լուծում: Այս փուլում դա կարող է ամբողջ դահլիճում լավագույնս անել Արա Բաբլոյանը: Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց միգուցե տարիքը, կուսակցության ղեկավար լինելն այդ հնարավորությունը չի տալու: Այս փուլում պարոն Մարուքյանը չի կարող այդ առաքելությունն իրականացնել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը: