YouTube-ը ծառայության բոլոր օգտատերերին  թույլատրել է իրականացնել ուղիղ հեռարձակումներ իրենց ալիքով։ Մինչ այդ ուղիղ հեռարձակում իրականացնելու համար օգտատերը պետք է առնվազն հազար բաժանորդ ունենար, հայտնում է The Verge-ը։

Go Live առցանց հեռարձակման գործարկման համար օգտատերի հաշիվը, այնուամենայնիվ, պետք է ստուգվի։ Բացի դրանից բլոգերները, որոնց վերջին 90 օրերին արգելել են ուղիղ եթերներ իրականացնել, նույնպես չեն կարողանա ուղիղ կապ հաստատել։ 

 Google –ի ու YouTube-ի ներկայացուցիչնեը դեռ պաշտոնապես չեն հաստատել ուղիղ հեռարձակումների գործարկման համար սահմանափակումների չեղարկման մասին տեղեկությունը։ Սակայն աղբյուրի տեղեկություններով, կանոնների փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն առաջիկա մի քանի օրերին։

Google-ը 2016-ի հուլիսին հավելել էր YouTube վիդեոհոսթինգի միջոցով ուղիղ հեռարձակումներ իրականացնելու հնարավորությունը։  Սկզբում բջջային սարքից առցանց եթերի գործարկումը հասանելի էր միայն 10 հազար բաժանորդներով օգտատերերի համար, սակայն հետո այդ պահանջը նվազել է մինչեւ հազար բաժանորդ։