Վերջին յոթ տարիներին հինգ անգամ ավելացել է փախստական երեխաների թիվը, որոնք վտանգավոր ճամփորդության են ուղեւորվում առանց ծնողների ուղեկցության։ 2015 ու 2016 թվականներին աշխարհի 80 երկրներում գրանցվել է առանց ծնողների ապաստան խնդրող 300 հազար երեխա։

Նման երեխաները բազմաթիվ վտանգների են ենթարկվում՝ նրանց սպառնում է բռնություն, սեռական ոտնձգություններ ու շահագործում, նրանք պաշտպանված չեն մարդկանց առեւտրականներից, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Իտալիայում Մեծ յոթյակի գագաթնաժողովի նախօրեին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել առաջնորդներին ընդունել Գործողությունների ծրագիր, որը բաղկացած է վեց կետից։ Այն նախատեսում է պաշտպանել երեխաներին բռնությունից, հրաժարվել նրանց բանտարկելուց ու ընտանիքներից բաժանելուց, նրանց սովորելու հնարավորություն տրամադրել, պայքարել այլատյացության դեմ, նաեւ վերացնել այն պատճառները, որոնք երեխաներին ստիպում են այլ երկրներ փախչել։