Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել կոշտ տնտեսման միջոցառումների մասին նոր փաթեթին, որի ընդունումը պահանջում էին միջազգային վարկատուները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փաստաթուղթը նախատեսում է հարկերի բարձրացում եւ կենսաթոշակների չափի կրճատում: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ 151 ձայնի պարագայում դրա օգտին քվեարկել է 300 պատգամավորներից 153-ը:
Մայիսի 22-ին Եվրոխմբի անդամները պետք է գնահատեն Հունաստանում բարեփոխումների արդյունավետությունը եւ որոշեն Աթենքին 7.5 մլրդ եվրոյի չափով հերթական տրանշի հատկացման հարցը:
Միջազգային վարկատուները՝ Եվրահանձնաժողովը, ԱՄՀ-ն, Եվրոպական կենտրոնական բանկն ու Եվրոպական կայունացման մեխանիզմը, կանոնավորապես գնահատում են Հունաստանից կողմից իրենց պահանջների կատարման ընթացքը:
Խորհրդարանում օրինագծի ընդունման ժամանակ Աթենքի կենտրոնում երկրի տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիա է անցկացվել:





























