ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մայիսի 15-18-ը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ ՄԱԿ-Հաբիթաթի հրավերով Փարիզում մասնակցել է Ազգային քաղաքաշինության քաղաքականության երկրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Օրակարգ 2030» եւ «Փարիզյան համաձայնագիր» թեմայի շրջանակում:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի ընթացքում Ն. Սարգսյանը ելույթներ է ունեցել՝ երկու հարթակներում ներկայացնելով օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի փորձը, արդյունքները եւ քաղաքաշինական պլանավորման հեռանկարները:

Նարեկ Սարգսյանը Փարիզում հանդիպել է նաեւ սփյուռքահայ ճարտարապետների եւ քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող նախագծային խնդիրներին առնչվող հարցեր:

Ն. Սարգսյանը Ժնեւում հանդիպել է նաեւ սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին եւ քննարկել նրա կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին: