Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանի փաստաբանները դեռ չեն ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը:
NEWS.am-ի հետ զրույցում բժշկուհու փաստաբաններից Իշխան Վանոյանը նշեց, որ այս պահին որեւէ մեկնաբանություն անել չի կարող, քանի դեռ որոշումը չեն ստացել:
«Մենք դեռ որոշումը չենք ստացել, հետեւաբար իմ պաշտպանյալն ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Նազանի Մալխասյանի վերաբերյալ Վճռաբեկը որոշումը կայացրել է ապրիլի 28-ին, մայիսի 15-ին որոշումն էլ արդեն ուղարկվել է առաջին ատյան՝ կատարման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նազանի Մալխասյանին մեղավոր էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը: Վճռաբեկն էլ իր հերթին բողոքը վարույթ չի ընդունել:





























