ԱԺ նորընտիր փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցումնշել է, որ պատգամավորի մանդատից հրաժարված Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Արտյոմ Ծառուկյանը ինքնակամ են ընդունել այդ որոշումը: Նրա խոսքով, դիմումները գրվել են երեկ եւ այսօր:
«Պարոն Ծառուկյանը երեկ ներկայացրեց շարժառիթները: Մարդիկ կամավոր եկել են համոզման, որ պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որեւէ արտառոց, որեւէ դետեկտիվ ժանրի բան չկա: Ճնշում հասկացողություն չկա, թիմ է աշխատում է, նրանք էլ մեր գործընկերներն են եւ պարտադիր չէ, որ իրենց գործունեոթյունը իրացնեն խորհրդարանում: Նրանց ուժերն այլ ոլորտներում կօգտագործվեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը չի մասնավորեցրել՝ հրաժարականի նոր դիմումներ կլինե՞ն, թե`ոչ. «Մեծ աշխատանք են կատարել եւ ճանապարհ են անցել մեզ հետ: Մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել»:
Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվածները «Ծառուկյան» դաշինքի այն 8 պատգամավորներից են, որոնք սկզբում ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, ապա հրաժարվել իրենց դիմումներից եւ վերցրել պատգամավորական մանդատները:





























