Հայաստանում պետք է բժշկական օմբուդսմեն լինի: Մայիսի 19-ին՝ ԱԺ նիստում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ այս խնդիրը պետք է ստանձնի Մարդու իրավունքների ԱԺ մշտական հանձնաժողովը, եւ հենց այս պատճառով այն պետք է պահպանել: Դրանից զատ, առողջապահության ոլորտում անհրաժեշտ է կլինիկական ուղեցույցները եւ հիվանդի վարման ստանդարտները տեղայնացնել: Ըստ որում՝ սրանք բացառապես իրավական հարցեր են, որովհետեւ գրանցված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մեջ:

Այնուհետեւ Մարուքյանն անդրադարձավ Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանին, որը մեծամասնության անունից բարձրաձայնել էր հանձնաժողովների թվի կրճատման նախաձեռնության մասին: «Եվ դուք ցանկանում եք այս աշխատատար հարցերը փոխանցել Պետաիրավական հարցերով հանձնաժողովի՞ն: Դուք ինքներդ եք ցանկանում դառնալ դրա նախագահը: Մտածեք, թե դա ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի: Դուք պատարա՞ստ եք այն հաղթահարելուն»,- ասաց ընդդիմադիրը: