«Մարիա Յակոբսենի ընկերները» հանձնաժողովի անդամները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Սան Լուիս Օբիսպոյի, Լոս Անջելեսի ու Ֆրեզնոյի հայկական համայնքների անդամների հետ միասին։

Մայիսի 14-ին Քալիֆորնիայի Սոլվանգ քաղաքի լյութերական եկեղեցում կայացած արարողության ժամանակ ներկաները դափնեպսակներ են դրել  Մարիա Յակոբսենի հուշարձանի մոտ՝ դանիացի միսիոների, որը օգնել է հայերին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ, հայտնում է Santa Maria Times-ը։

Հուշարձանը բացվել է եկեղեցու բակում անցած տարվա հոկտեմբերին։

Անցած դարի սկզբին Մարիան Օսմանյան կայսրություն էր ուղեւորվել, որպես միսիոներական առաքելության անդամ։ Մարիան Ցեղասպանության ժամանակ փրկել էր մոտ 3 հազար երեխաների ու որդեգրել երեքին։

Իր ելույթում լյութերական եկեղեցու հոգևոր առաջնորդ Քրիս Բրաունը երախտիիք է հայտնել Ամերիկայի հայկական համայնքին՝ եկեղեցու ու ԱՄՆ դանիական համայնքի հետ բարեկամական հարաբերությունների համար։

Նա Յակոբսենին նկարագրել է որպես համարձակ կին, որը հույս է բերել հազարավոր հայ որբերին։