Չինաստանի Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքի ղեկավարությունը պետական ծառայության համար որոնում է սուր հոտառությամբ մարդկանց, որոնք պետք է որոշեն օդի աղտոտվածության աստիճանը, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա» պորտալը։

Չինաստանի իշխանությունները տագնապ են հայտարարում ՝ Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը դիմել է 20 քաղաքների աշխատակազմերին՝ պահանջելով միավորել ջանքերը սմոգի դեմ պայքարում։

Պեկինում օդի մեկ խորանարդ մետրին բաժին է հասնում 73 միկրոգրամ մանր ամուր մասնիկներ, մինչդեռ թույլատրելի նորման 25 միկրոգրամն է։ Օդի աղտոտվածության այդ մակարդակը շատ վտանգավոր է առողջության համար։ Իշխանությունները տարբեր միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, սակայն այն դեռ աղետալի է մնում։

Աշխատանքի ընդունվող սուր հոտառությամբ պետծառայողները հատուկ վարժվելու են։ Աշխատանքային ժամերին նրանց արգելվելու է ուտել սուր համեմունքներով սնունդ, օգտվել կոսմետիկայից ու օծանելիքից ու բնականաբար նրանք չպետք է ծխեն, որպեսզի պահպանեն սուր հոտառությունը։