Վարորդը, որը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ Նյու Յորքում, խոստովանել է, որ «ուզում էր նրանց բոլորին սպանել», գրում է Associated Press-ը։

26-ամյա Ռիչարդ Ռոհասը ոստիկանությանը հայտնել է, որ մեքենա նստելուց առաջ օգտագործել էր մարիխուանա, ֆենիլցիկլիդինի հետ խառնած (հայլուցինագեն թմրադեղ, որը խախտում է շարժումների համակարգումը)։ Կասկածյալը նաեւ ասել է, որ իրավապահները պետք է կրակեին իր վրա, որպեսզի կանգնեցնեին։

Տոքսիկոլոգիական անալիզի արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց ոստիկանները, որոնք ձերբակալել են նրան, հաստատում են, որ այդ պահին տղամարդը ճոճվում էր, նա ապակյա աչքեր ուներ ու անհասկանալի խոսք։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հարցաքննության ժամանակ Ռոհասը ասել էր, որ «ձայներ էր լսում» ու կարծում էր, թե կմահանա։ Նրան մեղադրանք են առաջադրել ծանր հանգամանքներում մահափորձի 20 դրվագի համար։