Յուրաքանչյուր պատգամավոր, յուրաքանչյուր մարմին հստակ իմանա իր անելիքները տարբեր իրավիճակներում, այդ դեպքում կապված արտակարգ դրության, պատերազմական վիճակի հետ։ Այդ մասին Ազգային ժողովում ասել է Ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Շուշան Պետրոսյանի դիտարկմանը, թե մամուլում երբեմն անթույլատրելի տեղեկություններ են տարածվում կապված ՊՆ-ի հետ։

Ըստ Նահապետյանի, մամուլի հետ շփումներում կան ձեռքբերումներ։ «Վերջին տարիներին պետք է ուրախությամբ նկատենք, որ այս բնագավառի թափանցիկությունն ավելացել է։ Պաշտպանության նախարարությունն ավելի շատ տեղեկություններ է տարածում, քան նախկինում։ Դրա հետ մեկտեղ քիչ չեն հրապարակումները, որոնք պարունակում են պետական գաղտնիք, կամ վնաս են հասցնում առաջնագծում կանգնած զինվորին»,- նշել է նա՝ սակայն արձանագրել, որ խնդիր կա նաեւ խորհրդարանում։ Նահապետյանը հիշեցրել է անցած տարի տեղի ունեցած փակ քննարկումը, որից ժամեր անց գաղտնի տեղեկություններ տարածվեցին մամուլում որոշ պատգամավորների շնորհիվ։

«Մամուլի նյութերի հետ կապված անելիքներ ունենք։ Որեւէ կերպ չսահմանափակելով մամուլը, բայց ուղղորդելով, որ տաղնիք պարունակող տեղեկություններ չտարածվեն»,- ասել է նա

Շուշան Պետրոսյան նշել է, թե որոշ հրապարակումների հետեւանքով կոնկրետ մարտական գործողություններ են խափանվել, որոնց մասին ԱԺ-ում չի խոսի, այլ առանձին կասի Նահանպետյանին։

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ բանակում կա խնդիր, երբ ընտանիքներն իրենք են ապահովում զինվորների առաջին անհրաժեշտության պարագաները: «Պատեհ չէ, որ հիգիենայի պարագաները մատակարարում են ծնողները»,-շարունակեց Մանե Թանդիլյանը: «Որոշ դեպքերում մոտեցումը չափազանցված է: Ամեն ծնող ցանկանում է իր զավակի համար պայմաններ ստեղծել: Ցանկալի կլինի, որ որակական փոփոխություններ կատարենք»,-արձագանքեց Կորյուն Նահապետյանը: