ՀՀ պաշտպանության նախարարությունում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն աշխատանքային քննարկում են ունեցել, որի հիմնական առանցքը քաղաքացիական եւ զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը եւ երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն է եղել։ Տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։
Լեւոն Ալթունյանը եւ Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում եւ Բերդում քաղաքացիական հիվանդանոցների եւ զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։
Առողջապահության եւ պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլեւ էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։
Անդրադարձ է եղել նաեւ զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քննարկել են զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների, հասանելիության եւ որակի բարելավման հնարավոր մեխանիզմները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարել եւ սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։





























