«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ  Բագրատյանը 3-րդ օրն է՝ ներկայանում է ԱԺ նիստերին, սակայն դեռ չգիտի՝ շարունակելու է աշխատել, թե մանդատը վայր է դնելու մինչեւ հաջորդ նիստը:

NEWS.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն ասել է՝ խմբակցությունը դեռ չի որոշել:

«Ւմ ցանկությունը կապ չունի, խմբակցությունը պիտի որոշի»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ ինչ սկզբունքով է որոշելու խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ Բագրատյանը պայքարով հետ վերցրեց իր  մանդատը, մինչդեռ իր կամքին հակառակ դաշինքը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, պատասխանեց. «Արդարության սկզբունքներից ելնելով՝ խմբակցությունը առաջիկա օրերին կորոշի»:

Նշենք, որ երեկ խմբակցությունն արդեն որոշել է, որ մանդատին արժանի չեն տարածքային ցուցակով առաջադրված եւ այդ տարածքներում ստացած քվեներով առաջին տեղը զբաղեցրած Խաչիկ Մանուկյանը, Վահան Կարապետյանը: Նույն դաշինքից մանդատից զրկվել է նաեւ Արտյոմ Ծառուկյանը, ում այն բաժին էր հասել իրեն քվեներով գերազանցած Արթուր Մամոյանի ինքնաբացարկից հետո:

Հինգ պատգամավորի մանդատի ճակատագիրը դեռ անհայտ է, առաջիկա օրերին կհստակեցվի: