ՏԻՄ մարմիններում արատավոր երեւույթներ է ձեւավորվել։ Այդ մասին՝ այսօր՝ մայիսի 20-ին Ազգային Ժողովում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հարցադրում անելով տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդեւան Գրիգորյանին։
Սասուն Միքայելյանի խոսքով, քաղաքապետարանների բյուջեն ձեւավորվում է քաղաքապետերի ցանկությամբ եւ ծախսերն էլ անում են կամայական։ Մասնավորապես, որոշ թաղամասերի նկատմամբ վերաբերմունքն այլ է, մի տեղ ասֆալտ անում են, մի տեղ չեն անում։ «Նախընտրական քարոզարշավի ժամանակ գալիս են ոմանք, խոստումներ տալիս, իսկ այն տարածքներում, որտեղ մարդիկ քվեարկում են իրենց խղճով, այլանդակ վիճակ է տիրում»,- նշել է Սասուն Սասուն Միքայելյանը՝ կոնկրետ փաստ մատնանշելով՝ Հրազդանի Վանատուր թաղամասը, որտեղ 15 տարի ոչ մի գործ չի արվել։
Միքայելյանի հարցին, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Վարդեւան Գրիգորյանն ինչ է ձեռնարկելու արատավոր ավանդույթները արմատախիլ անելու համար, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը պատասխանել է. «Ընտրված քաղաքապետը ոչ միայն իր ընտրողների, այլեւ ամբողջ քաղաքի քաղաքապետ է։ Բյուջեն հաստատում է ավագանին։ Այստեղ կարեւոր է ավագանու դերը, որը որոշում է այս կամ այն ծախսերը անելու։ Կողմ եմ, որ ավագանու ինստիտուտը ուժեղանա եւ հակակշիռ լինի քաղաքապետին։ Քաղաքապետը պետք է հավասար բաշխի ծախսերը»,- ասել է նա։





























