Հայաստանում պետք է մաքսազերծումը հնարավորինս կիրառել ինվոյսի արժեքով: Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը`տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածու Խոսրով Հարությունյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ:
Նա հավելել է, որ մաքսային մարմինները պետք է առանց ավելորդ մանրախնդրության ընդունեն վստահության արժանի ինվոյսները:
Ի պատասխան Հարությունյանը հիշեցրել է, որ վերահսկվող գների պրակտիկան գործում էր 90-ականներին, երբ պետությունը պետք է լցներ բյուջեն, իսկ բիզնեսի վերահսկողության հնարավորություններն ավելի քիչ էին, քան հիմա:
«Բայց այժմ այդ պրակտիկան անհրաժեշտ է փոխել: Ես լիովին համաձայն եմ: Որտեղ հնարավոր է, մաքսազերծում պետք է անել ըստ ինվոյսի, իսկ ներկրվող ապրանքների ԱԱՀ-ն գանձել ոչ թե սահմանին, այլ վաճառքից հետո: Այդ պրակտիկան կա նաեւ հիմա, պարզապես այն ընդլայնել է պետք», - հավելել է Հարությունյանը:





























