Անհրաժեշտ է վերանայել Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույքները։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ, մայիսի 20-ին, ասել է ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար ՄԻհրան Պողոսյանը։

Ուղղելով հարց ֆինանսավարկային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Գագիկ Մինասյանին, Միհրան Պողոսյանը նշեց, որ վարկային կազմակերպություններին, բանկերին ներկայացվող պահանջների ոլորտում մենք լուրջ խնդիր ունենք։ «Անհրաժեշտ է նվազեցնել հատկացվող վարկերի առավելագույն տոկոսադրույքը։ Երկրորդ, որոշակի ծառայությունների պատճառով, տոկոսները փաստացի ավելանում են»,- ասել է Պողոսյանը։

Պատասխանելով հարցին՝ Գագիկ Մինասյանը նշեց․ «Իհարկե, կարելի է մտածել այդ չափանիշների ճշգրտման մասին, սակայն դրա հետ չարժե չափից մեծ ակնկալիքներ կապել։ Կարծում եմ դրանով իսկ մենք կարող ենք լուրջ խոչընդոտներ ստեղծել տնտեսական զարգացման համար։ Չեմ կարծում, թե դա կարող է դրական տեղաշարժ առաջացնել առանց մրցունակ պայմանների, առանց ստվերային տնտեսության զգալի կրճատման»։