Երկու մարդ ծանր վիճակում են դանակով եւ բեյսբոլի մահակով զինված անհայտ տղամարդու հարձակումից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայում, հայտնում է Kyodo-ն:

Հարձակումը կատարվել է Մացուդո քաղաքում (Տոկիոյին հարեւան Թիբա պրեֆեկտուրա): Ավելի վաղ հաղորդվել էր 2 տարբեր միջադեպերի հետեւանքով տասնյակ տուժողների մասին, սակայն ճշտված տեղեկություններով՝ մեկ հարձակում է կատարվել, որի հետեւանքով 6 մարդ է տուժել:

Ոստիկանները հարձակվողին արդեն ձերբակալել են եւ հարցաքննում են: Ներկայումս հարձակման դրդապատճառները հայտնի չեն: