Իջեւանում թոշակառու կնոջից ավազակային հարձակման միջոցով 260 դրամ գողանալու գործով դատախազը պահանջում է խստացնել ամբաստանյալ Վազգեն Օհանյանի՝ Վզեի պատիժը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր վերաորակել Օհանյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) հատկանիշներով՝ դատապարտելով 3 տարի 3 ամսվա ազատազրկման: Նշենք, որ մինչ այդ նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):

Դատախազն օրերս բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով Օհանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ ապացուցվել էր, որ իջեւանցի Վազգեն Օհանյանը՝ Վզեն, 2016թ. հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւանի տներից մեկը: Գույք հափշտակելու նպատակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Վազգեն Օհանյանը ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ է հասցրել տան տարեց բնակչուհուն, կոկորդից բռնել, սպանության սպառնալիքներ տվել եւ պահանջել գումար եւ բջջային հեռախոս: Այնուհետեւ գումար գտնելու նպատակով ստուգելով անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից Վազգենը վերցրել է 260 դրամն ու դիմել փախուստի:

Վագզեն Օհանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել ավազակային հարձակման մասին: