Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական հերթական նիստը հետաձգվել է:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ըհդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 22-ին, նիստի հետաձգման պատճառը վկաների չներկայանալն է:
Դատավորը հայտարարեց, որ առավոտյան բանավոր գրություն են ստացել, որ ծառայության մեջ գտնվող վկաները ուսումնական զորավարժությունների է մասնակցում, իսկ առանցքային վկաներից Սամվել Սերոբյանը գրավոր տեղեկացրել է, որ ինքը Հայաստանում չէ:
Կողմերը դատարանին միջնորդեցին Սամվել Սերոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ հարցում ուղարկել ոստիկանություն՝ համոզվելու համար, թե իսկապես նա արտերկրում է, թե ոչ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 29-ին:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա 25 վկա կուրսանտ:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























