Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին ամուսիններ Թագուհի Մանսուրյանի եւ Վլադիկ Մարտիրոսյանի՝ միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու գործով դատական նիստին այսօր` մայիսի 22-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է գործով տուժող Վաչագան Մանսուրյանի հարցաքննությունը: Նա ներկայացրել է, թե ինչպես է իր նախկին փեսան, գործով ամբաստանյալ Վլադիկ Մանսուրյանն հրահրել ու ամեն ինչ արել եւ նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի միջեւ լարված հարաբերություններ ստեղծելու համար: Ամբաստնյալ Վլադիկ Մանսուրյանը, սակայն, անընդհատ ընդհատել է նախկին աներոջ ցուցմունքը՝ նշելով, որ սուտ է ասում:
NEWS.am-ի հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը նշեց, որ Վլադիկ Մանսուրյանը դատական նիստի ընթացքում այնքան ագրեսիվ պահվածք է դրսեւորել, որ ստիպված է եղել իր հորը՝ Վաչագան Մանսուրյանին խնդրել չպատասխանել նախկին ամուսնու սադրանքներին:
Նշենք, որ Վլադիկ Մանսուրյանը մեկ այլ գործով մեղադրվում է նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու մեջ:
2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:





























