Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, որը պատգամավոր է դարձել նույն մարզից ՀՀԿ տարածքային ցուցակով, NEWS.am–ի հետ զրույցում դժգոհեց, թե իրենց մարզի խնդիրների վերաբերյալ Ազգային ժողովում հարցեր չէին բարձրացնում եւ այդ բացը ինքն է լրացնելու։ Սա ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Նաիրի Սահակյանի եղբայրը՝ Սարգիս Սահակյանը 2009 թվականից մինչեւ 2016 թվականի փետրվարը զբաղեցնում էր մարզպետի պաշտոնը եւ մարզի չլուծված խնդիրների գլխավոր պատասխանատուն էր։
«Ես ունեմ անցած ճանապարհ, սոցիալապես խոցելի խավի կողքին եմ եղել, թազա հեծանիվ չեմ հորինելու, բայց լավ կլինի։ Մեր մարզի հետաքրքրող հարցերը բաձրաձայնելու եմ, մեր մարզի վերաբերյալ հարցերը չէին բարձրաձայնում»,–դժգոհեց նորընտիրը։
Մեր հիշեցմանը, որ մարզի խնդիրների լուծման պատասխանատվությունը յոթը տարի իր եղբայրն է կրել, Սահակյանը արձագանքեց.
«Չէ, նա էլ ութ հարյուր ծրագիր է իրականացրել.... մեր մարզի խնդիրները բարձրաձայնելու եմ ու կյանքի եմ կոչելու իմ ծրագրերը»։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում Նաիրի Սահակյանն իր ստացած քվեներով առաջատարն էր, նրա օգտին արձանագրվել էր 14166 քվե։





























