ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 22-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման եւ մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երեւանի եւ Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման եւ կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին եւ «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին:





























