ՀՀ ոստիկանությունը «Վերջին զանգի» առթիվ հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով ծնողներին տրանսպորտային միջոցներ  չտրամադրել անչափահասներին կամ հարկ եղած դեպքում ծնողները վարեն մեքենաները։

«Եվս մի քանի օր՝ ու մեր ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով երեկվա դպրոցականների մուտքը մեծ կյանք և հիշեցնելով, որ սա բոլորիս տոնն է, ու տոնականությունը պիտի պահպանվի հանրային պատասխանատվությամբ: Ոստիկանւթյունը մեծ բաժին ունի այդ գործում և ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները: Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ են անցկացնում մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցնում տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, փոխհանդուրժողականության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին։ Մեր համաքաղաքացիներին կոչելով բարձր իրավագիտակցության՝ ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին. տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ»,–նշված է հաղորդագրույթան մեջ:

Ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում:

«Արվելու է ամեն ինչ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Ակնկալելով հանրության ըմբռնումն ու աջակցությունը՝ կրկին կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ միասնաբար անենք առավելագույնը մեր երեխաների տոնը թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար:

Շնորհավորում ենք շրջանավարտներին ու բոլորիս՝ «Վերջին զանգի» տոնի առթիվ»,–նշված է հաղորդագրության մեջ: