Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի բնակչուհուն ձերբակալել են՝ Չինաստանին ապօրինաբար մի շարք ամերիկյան տիեզերական տեխնոլոգիաներ փոխանցելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 32-ամյա Սը Չենը, որը ծնունդով Չինաստանից, մեղադրվում է նաեւ դավադրության, փողերի լվացման, կեղծ վկայություն տալու համար:

Հետաքննության տվյալներով՝ 2013-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում, կեղծ փաստաթղթեր օգտագործելով, ձեռք է բերել եւ առանց անհրաժեշտ լիցենզիայի Չինաստան է ուղարկել սարքավորումներ, որոնք օգտագործվում են, մասնավորապես, ԱՄՆ-ի տիեզերական եւ պաշտպանական արդյունաբերությունում:

Ըստ դատախազության՝ Չինաստանում կինը համախոհներ է ունեցել:

Եթե նրա մեղքը հաստատվի, Սը Չենին կարող է մինչեւ 150 տարի ժամկետով բանտարկություն սպառնալ: