ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու  դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել մարիխուանա եւ բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանվելյանը, «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի եւ զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ` 2016թ. դեկտեմբերի 29-ին, իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ: Նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Մանվելյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը եւ «բուպրենորֆին»-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում: «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Այսպիսով, ՔԿՀ պաշտոնյան դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, ինչպես նաեւ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն  ինքն է  ՔԿՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել դրանք:

Ազատազրկման ձեւով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ա. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորվումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: