Ադրբեջանի Միջազգային բանկի (ԱՄԲ) պարտքի վերակառուցման ծրագրերը վկայում են, որ Ադրբեջանի իշխանություններն ամբողջ չափով չեն գնահատել երկրի ֆինանսական հատվածի խնդիրների ծավալը: Մայիսի 11-ին ԱՄԲ-ն դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները:
«Չնայած Ադրբեջանի բանկային հատվածի չափերը մեծ չեն՝ ՀՆԱ-ի կեսից փոքր-ինչ են ավելի, այն պահելու պետության ծախսերը շատ մեծ են: Մեր գնահատականներով՝ 2015-2016 թվականներին Ադրբեջանը այն պահպանելուն է ուղղել ՀՆԱ-ի 18 տոկոսին համարժեք միջոցներ»,- հայտարարել է Moody's վարկանիշային գործակալության կրտսեր փոխնախագահ Պյոտր Պակլինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նրա կարծիքով՝ բանկային հատվածի պահպանման ծախսերի նման մակարդակն «աննախադեպ» է: Այս միջոցներն առաջին հերթին ուղղվել են ԱՄԲ-ի աջակցությանը:
ԱՄԲ-ի արտաքին պարտավորությունների վերակառուցման որոշումը շուկայի համար անակնկալ էր: «Տվյալ որոշումը վկայում է, որ կառավարությունն ամբողջ չափով չի գնահատել ֆինանսական հատվածի խնդիրների ծավալը: Սա լրացուցիչ ծախսեր կառաջացնի եւ լրացուցիչ ճնշում կգործադրի երկրի բյուջեի վրա»,- նշել է վերլուծաբանը:
2015-2016 թվականներին Ադրբեջանի պարտաքային բեռը կտրուկ աճել է: «Եթե 2014-ի վերջին Ադրբեջանի պետական պարտքի մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը, ապա 2016-ի վերջին այն հասել է ՀՆԱ-ի 40 տոկոսին: Պարտքի նման աճը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ եւ բանկային հատվածին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ»,- ընդգծել է Պակլինը:
Վերլուծաբանի ենթադրությամբ՝ ՀՆԱ-ի 40 տոկոսը չափավոր ցուցանիշ է, եւ «Ադրբեջանը կարող է իրեն նման չափի պարտքի սպասարկում թույլ տալ»:
Մայիսի 11-ին ԱՄԲ-ն հայտարարել է, որ դադարեցնում է արտաքին պարտքի վճարումները եւ ներդրողներին առաջարկում է իր պարտքերի մի մասը փոխանակել Ադրբեջանի սուվերեն բաժնետոմսերի հետ: Բանկը մտադիր է վերակառուցել 3 մլրդ դոլարի պարտավորությունները: Մայիսի 23-ին Ադրբեջանի կառավարությունը եւ ԱՄԲ-ն արտաքին ներդրողներին բանկի արտաքին պարտավորությունների վերակառուցման 3 տարբերակ են առաջարկել:
ԱՄԲ-ն հիմնվել է 1992 թվականին եւ Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկում Ադրբեջանի Ֆինանսների նախարարության բաժինը 76,73 տոկոս է կազմում:





























