Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 25-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով ցուցմունք տվեց դատավորի նախկին գործավար Նաիրա Բաղդասարյանը:

Վկան նշեց, որ դատավորի ձերբակալման մասին իմացել է դեպքի հաջորդ օրը, երբ աշխատանքի է եկել: Նա հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ոչինչ չգիտի: Նրա խոսքով, մանրամասներին ծանոթացել է լրատվամիջոցներից:

«Պարոն Բարսեղյանի մոտ հազարից ավելի գործ է քննվել եւ այս գործի մասին իմացել ենք միայն, որ այն բեկանված է եղել եւ Վերաքննիչից ուղարկված մեզ մոտ»,- ասաց վկան:

Դատախազը միջնորդությթւն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված՝ նշելով, որ էական հակասություններ կան: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պարզվում է՝ նախաքննության ընթացքում քննիչը վկային հարցրել ՝. «2016թ. հոկտեմբերի 27-ին փաստաբան Էլզա Զաքարյանը նիստերի դահլիճում հանդիպել է Իշխան Բարսեղյանին, որից հետո հանձնարարել է իր մոտ իջեցնել Նորիկ Հակոբյանի գործի նյութերը, ի՞նչ գիտեք դուք այդ մասին»: Վկան պատասխանել է, որ միայն գիտի, որ հանձնարարվել է գործի նյութերն իջեցնել նիստերի դահլիճ եւ քարտուղարը դա արել է:

Դատարանում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպանները քննիչի այդ հարցը որակեցին ուղղորդված եւ միջնորդեցին հրապարակել վկայի ամբողջական ցուցմունքը: Դատարանն այն բավարարեց եւ հրապարակեց նախաքննական ցուցմունքը:

Դատական նիստը շարունակվում է:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: