Հայաստանի փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակի լուծումը կատարյալ ձեւափոխման մեջ է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին «Մեդիա Կենտրոնում» կայացած քննարկմանը ասել է փաստաան Տիգրան Աթանեսյանը։

Հարցին՝ ինչու նախկին նախագահի օրոք նման խնդիրներ չէին ծագում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Որովհետեւ Ռուբեն Սահակյանը փաստաբան էր։ Նա եթե օգուտ չտար, վնաս չէր տա։ Զուտ իր անձով էր պայմանավորված, որ ճգնաժամ չառաջացավ։ Թեպետ նա էլ իր մեղքն էլ ունի, որ իր հեղինակությունն ու ռեսուրսն օգտագործեց, Արա Զոհրաբյանը դառնա նախագահ»։ Ըստ Աթանեսյանի, փաստաբանների պալատների պատմությունը վկայում է, որ դրանք ստեղծվել են որպես ինքնակարգավորվող մարմիններ՝ պաշտպանելու փաստաբանների շահերը, մինչդեռ Հայաստանում հակառակն է։ «Հայաստանում Ընդհանուր ժողով գոյություն չունի։ Այն հիմա տեղի է ունենում հեռակա կարգով։ Երբ պալատի շենքը դառնում է տեղամաս, փաստաբանը գալիս, թերթիկ է գցում եւ գնում։ Գոյություն ունի քաղաքի կենտրոնում գրասենյակ, գլխին էլ հյուրանոց, որն ունի անհասկանալի աշխատակազմ, ունի դպրոց, որտեղ դասավանդողների մի մասը ինքն էլ դասավանդվելու կարիք ունեն։ Եւ ունի խայտառակ Հանրային պաշտպանի գրասենյակ»,- արձանագրել է նա՝ հավելելով, որ չի կարելի մի հանրային պաշտպանին 30-40 քրեական գործ տալ, հատկապես երբ գրասենյակ դիմողների միայն մի փոքր մասն է անվճարունակ։

«Երբ 2013 թվականին Արա Զոհրաբյանը ընտրվում էր, նրա առաջին խոստումը Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելն էր։ Ընդ որում, այն ժամանակ ամեն պաշտպան 10-15 քրգործ էր քննում։ Ընտրվելուց որոշ ժամանակ անց Արա Զոհրաբյանը հետո գնաց Կենտրոնի եթերում հայտարարեց, թե Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը մեծ նվաճում է»,- իր հերթին նշեց Երվանդ Վարոսյանը։

Աթանեսյանի խոսքով, կա պալատում ստեղծված խնդիրը լուծելու երկու եղանակ։ «Եթե վերցված է ֆրանսիական մոդելը, պետք է վերցնել ամբողջությամբ։ Կարգապահական վարույթները պետք է քննվեն փաստաբանական դատարանների կողմից։ Երբ պալատը իրոք փաստաբանների համար է։ Կամ վերափոխվի, միահեծան իշխանությւոնը վերանա, ստեղծվի կոնֆեդերացիա, այլ ոչ թե բուրգ կամ տոտալիտար աղանդ»,- ասել է նա եւ հավելել. «Կամ էլ պետք է գնալ ավելի հեշտ ճանապարհով, ստեղծել առանձին միություններ։ Նախկինում Հայաստանում կային տարբեր միություններ, փաստաբանության զարթոնք եղավ։ Որեւէ միություն իրեն ապօրինություն թույլ չէր տա, քանի որ փաստաբանը դրանից հետո մեկ րոպե չէր մնա այնտեղ»։ Փաստաբանի խոսքով, լավագույն լուծումն 1998 թվականի օրենքին վերադարձն է, երբ 50 եւ ավելի փաստաբան կարող էին ստեղծել իրենց միությունը։

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը եւս կողմ է առանձին միությունների ստեղծմանը։ «Բազմիցս եղել են դեպքեր, երբ փաստաբանին սպառնացել են, ահաբեկել են, հետապնդել են։ Չեմ կարծում, որ եթե լինի երկու-երեք միություն, մյուս միությունները չեն օգնի հետապնդվող փաստաբանին»,- պարզաբանել է նա։

«Եթե կան փաստաբաններ, եւ նրանք մեծամասնություն են, որոնց դուր է գալիս պալատում ստեղծված վիճակը, երբ իրենց անդամավճարներով աշխատավարձ են տալիս Արա Զոհրաբյանի ազգականներին, երբ կամայական վարույթներ են հարուցվում, երբ պետական միջոցներով Հանրային պաշտպանի գրասենյակին տրված մեքենան որպես ծառայողական մեքենա է օգտագործվում։ Իրենց դուր է գալիս, նորմալ է, բայց դա չի նշանակում, որ ես պիտի պարտադրված լինեմ իմ գոհունակություն հայտնել այդ վիճակից։

Ելքը երկուսն է, առաջնային պետք է շեշտակի փոփոխության ենթարկվի պալատի ղեկավարությունը, իրարից տարանջատվեն պալատի նախագահն ու խորհուրդը։ Երկրորդը նոր պալատներն են։ Փաստաբանը պետք է ընտրելու հնարավորություն ունենա»,- ասել է Երվանդ Վարոսյանը։