Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւների եւ կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգեւատրել է պետական բարձրագույն պարգեւներով, շնորհել նաեւ պատվավոր կոչումներ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգեւատրման արարողության ժամանակ
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի՛ հյուրեր,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի եւ մեր պետության բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու առթիվ:
Հայաստանը թեւակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը:
Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք եւ մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու եւ առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա:
Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու եւ վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը:
Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգեւոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների եւ պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի եւ նպատակասլացության:
Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի եւ նվիրումի համար:
Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն եւ շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:
Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք եւս ձեր ողջ ներուժը եւ ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում:
Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:
Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ եւ բարեկեցիկ երկիր:
Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր եւ հետեւողական աշխատանքը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, այս կարեւոր տոնի եւ պարգեւատրման կապակզությամբ:
Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար:
.jpg)
.jpg)
.jpg)





























