ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախի եւ ատելության մթնոլորտը ձեւավորվում է տեղեկատվության բացակայության պատճառով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Փինք Արմենիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը՝ անդրադառնալով օրերս Երեւանի գովազդային վահանակներին ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզող պաստառների ապամոնտաժմանը:

Նրա խոսքով, Հայաստանում կրթական համակարգն այն գիտելիքը չի տալիս, որ մարդիկ հնարավորություն ունենան տեղեկատվություն ստանալ եւ վերլուծել. «Այսինքն մեզ կաղապարված ինֆորմացիա են մատուցում եւ հնարավորություն չեն տալիս մտածելու դրանց շուրջ: Մենք ուզում էինք այս պաստառներով ասել, որ ԼԳԲՏ անձինք ամենուր կան՝ լինի վարսավիր, պաշտոնյա, թե տաքսու վարորդ: Տրանս անձանց նկատմամբ բռնությունը հատկապես շատ է Հայաստանում: Երկրորդ պաստառը տրանսգենդեր անձանց էր վերաբերում, եւ փորձում էր բացատրել, որ մարդիկ տարբեր են, եւ երրորդ պաստառը ուղղված էր երջանկություն մաղթելուն, որ ցանկացած ոք ուզում է երջանիկ լինել: Ստացվեց այնպես, որ երջանկության ու հանդուրժողականության քարոզը համարվեց ապօրինի կամ անիմաստ, ինչը խտրականություն է: Քաղաքապետարանի կողմից կամայականություն էր առանց մեզ իմաց տալու հեռացնել պաստառները»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ տաստառները նույնասեռականության պրոպագանդա չէին, Մամիկոն Հովսեփյանն արձագանքեց. «Պրոպագանդա» տերմինը վերջին մի քանի տարիներին ներմուծվել է Ռուսաստանի քաղաքականության պատճառով, քանի որ այնտեղ խտրական օրենսդրությամբ փորձեցին ավելի հալածել ԼԳԲՏ անձանց: Սեռականությունը ամեն դեպքում հնարավոր չէ պրոպագանդել, հնարավոր է պրոպագանդել հավասարություն, հանդուրժողականություն: Հնարավոր չէ պրոպագանդայի ազդեցությամբ փոխել սեռականությունը: Նույնկերպ որքան էլ փողոցում հոմոսեքսուալը տեսնում է հետերոսեքսուալ զույգի, որքան էլ նրանք իրար ձեռք սեղմեն, գրկեն, դրանից հոմոսեքսուալը հետերոսեքսուալ չի դառնում: Սեւ աչքերով մարդը երկար նայելով կապույտ աչքերով մարդուն, նրա աչքերը կապույտ չեն դառնում»:

Նշենք, որ այդ պաստառները մնացել էին 3 օր, սակայն ֆեյսբուքում բուռն քննարկումներից հետո քաղաքապետարանը հեռացրել էր դրանք, իսկ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Քաղաքում ապօրինի տեղադրվել է 3 պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ: Անկախ բովանդակությունից դրանք ապամոնտաժվել են, քանի որ Երեւանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»: