Երեւանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.105 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով նրա անցած մարտական ուղին, ինչպես նաեւ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Կարեն Բաղդասարյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը ներկայում բնակվում է ազգականին պատկանող բնակարանում:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.130 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին։ Ի հիմնավորումն որոշման` նշվել է, որ Լիպարիտ Ավետիսյանը ծնողների, կնոջ եւ զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։





























