Հայաստանի ԱԺ-ում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:

Բունիաթյանի խոսքով, այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ. «Համաձայն գործող օրենքի, հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թվականից, իսկ ռադիոհեռարձակման համար նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը, ինչը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 20-ը, որից հետո երկարաձգվել է եւս մեկ անգամ մինչեւ 2017 թվականի հուլիսի 20-ը։ Նշված ժամանակահատվածում երկարաձգվել են ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության ժամկետները, ինչպես նաեւ պետք է սահմանվեն ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը»:

Բունիաթյանը նշել է, որ ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրումը կապված է տեխնիկական, նյութական եւ ֆինանսական էական դժվարությունների հետ, որոնք դեռեւս անհաղթահարելի են թե պետության, թե հեռարձակողների եւ թե սպառողների համար։

Մասնավորապես, ըստ նրա, դժվարությունները վերաբերում են ոչ միայն թվային ցանցերի ներդրման ծախսերին, այլեւ նրան, որ օրինակ ավտոմեքենաներում մարդիկ  ռադիոհանգույցները եւս պետք է փոխարինվեն թվայինով, որը ծախս է նաեւ ունկնդիրների համար:

Ինչ վերաբերում է ներկայացված օրինագծերի փաթեթին, Գագիկ Բունիաթյանը նշեց, որ ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերություններ հիմնել, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքները մեծացնել:

Բունիաթյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանի տարածքում ավելանում է հանրապետական սփռման երեք ռադիոընկերություն. «Բացի եղած հանրայինից փորձում ենք ստեղծել եւս երեք ռադիոընկերություն: Կան ռադիոընկերություններ, որոնք գործում են Երեւանում եւ որոշ մարզերում, դրանք հանրապետական կոչել չի կարելի, քանի որ ամբողջ տարածքը չեն ծածկում»:

Ինչ վերաբերում է հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռադիոհաճախություններին, որոնք սփռվում են ՀՀ տարածքում, հանձնաժողովի նախագահը նշեց. «Այս օրենքով խնդիրը ամբողջությամբ չենք լուծի, բայց որոշ չափով կլուծենք: Նախ այս օրենքով փաստում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո անցնելու ենք թվային հեռարձակման, երկրորդ, սահմանամերձ գոտիներում մեր հարեւաններն ունեն որոշակի քանակի ռադիոհաճախություններ, մենք էլ ունենք որոշ քանակի, բայց ամբողջությամբ չենք օգտագործում: Նույն հաճախականությունը տրված է եւ մեզ, եւ հարեւան երկրին, եթե մեզ մոտ դա չի գործում, նրանց գործող հաճախականությունը թափանցում է մեր տարածք: Եթե նրանք մեծացնում են հաղորդակի հզորությունը, ավելի շատ է անցնում: Հիմա պետք է փորձենք լրացնել այդ բացը, մեր հաճախությունները եթերով լցնելով»:

Նշենք, որ այս օրինագծերի փաթեով առաջարկվում է ստեղծել մեկ ռադիոընկերության ժամանցային ուղղվածության, մեկ ռադիոընկերություն երաժշտական ուղղվածության, մեկը՝ երիտասարդական ուղղվածության, 10-ը մասնավոր ընկերություն՝ ընդհանուր ուղղվածության: