Վանաձորում մայիսի 30-ին, 14-ամյա աղջկա՝ վերելակի հորանն ընկելու դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնաժողով կստեղծվի: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում կստեղծվի դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է երեխան ընկել վերելակի հորանը:

«Աժմ ոչինչ ասել չեմ կարող, մինչեւ դեպքի տեխնիկական քննություն չիրականացվի»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում մայիսի 30-ին վերելակի հորանը 14-ամյա աղջիկ է ընկել: 14-ամյա Լուսինե Զաքարյանի մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում: Նրա ոտքերն այսօր կվիրահատեն, երեխայի վիճակը կայուն ծանր է: Նշենք, որ նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: