Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին  հարցաքննվել է սպանության գիշերը Հայկազի հետ նույն սենյակում գտնվող կուրսանտ Նորիկ Օհանջանյանը: Նա դատաքննական ցուցմունքում նշել է, թե դեպքից ոչինչ չի հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բացի այդ, կուրսանտի սպանությունից հետո հոգեկան ծանր վիճակի մեջ է եղել, որն էլ ազդել է հիշողության վրա: Նորիկ Օհանջանյանը Հայկազի սպանությունից հետո երկար ժամանակ բուժում է ստացել հոպիտալու, որից հետո մասնակցել է քառօրյա պատերազմին: Նա իր ցուցմունքում նշել է, որ պատերազմին մասնակցելու հանգամանքը եւս ազդել է իր հիշողության վրա:

Դատարանը որոշում է կայացրել հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա մանրամասն նկարագրել է, թե ամբաստանյալներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը, ինչպես են մտել ննջարան, կանգնելՀայակազ Բարսեղյանի մահճակալի մոտ եւ սպանել նրան: Նա ցուցմունքում ասել է, որ լսել է, թե ինչպես է Հայկազը հայհոյում իր մահճակալի շուրջը հավաքվածներին եւ ասում՝ ի՞նչ եք ուզում անել, սպանե՞լ եք ուզում ինձ: Որից հետո լսվել է Հայկազի խռխռոցը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: