ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 31-ին «Երեւանի ՋԷԿ»-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գործող էներգաբլոկի պլանային կանխարգելիչ նորոգման աշխատանքներին։
Ներկայացվել է այս տարվա հուլիսի 16-31-ին իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման ընթացքը։ Նշվել է, որ այդ ժամանակահատվածում «General Electric»-ի մասնագետների կողմից կիրականացվեն գազատուրբինային տեղակայանքի հերթական պլանային տեսչական ստուգման, ինչպես նաեւ էներգաբլոկի մյուս հիմնական եւ օժանդակ սարքավորումների կանխարգելիչ նորոգման աշխատանքներ։ Անդրադարձ է եղել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովման միջոցառումներին։
Քննարկվել են նաեւ «Երեւանի ՋԷԿ»-ում 2018թ. պլանավորված կապիտալ նորոգման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ այդ ընթացքում «General Electric»-ի կողմից կիրականացվի գազատուրբինային տեղակայանքի արդիարականացում, ինչը հնարավորություն կտա կայանի հզորությունն ավելացնել շուրջ 7 մեգավատով, իսկ ՕԳԳ-ն բարձրացնել 1 տոկոսով։
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։




























