Գերմանիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է աֆղան միգրանտների արտահանձնումը՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Գերմանիայի ԱԳ նախարարությանը հանձնարարվել է մինչեւ հուլիսի սկիզբ նոր փորձագիտական գնահատական ներկայացնել Աֆղանստանում անվտանգության իրավիճակի մասին, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում, փոխանցում է DW-ը։

Քանի դեռ չի ներկայացվել ԱԳՆ հաշվետվությունը, քրեական հանցագործների ու անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող անձանց արտահանձնումը կիրականացվի «գործերի անհատական քննության հիման վրա», ասել է Մերկելը։

Ավելի վաղ հայտնել էին, որ փախստականի կարգավիճակ չստացած աֆղան միգրանտներով օդանավը պետք է Գերմանիայից Քաբուլ ուղեւորվեր մայիսի 31-ի երեկոյան։ Այդ նույն օրը Քաբուլում մահապարտ ահաբեկչի կազմակերպած ահաբեկչության հետեւանքով զոհվել էին առնվազն 80 մարդ ու վիրավորվել ավելի քան 350-ը։