ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին, որին նախագահ Դոնալդ Թրամփն էր հեռացրել աշխատանքից, հունիսի 8-ին կպատասխանի ԱՄՆ սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին՝ 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության շրջանակում, փոխանցում է BBC-ն։

Ակնկալվում է, որ Քոմին պետք է մեկնաբանություններ տա այն մասին, որ Թրամփը իբրեւ խնդրել էր նրան դադարեցնել ՀԴԲ-ի հետաքննությունը նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ, որը հրաժարական էր տվել, քանի որ թաքցնում էր իր կապերը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ։

Նախօրեին CNN հեռուստաալիքը հայտնել էր այն մասին, որ Քոմին պատրաստ է պատմել, թե ինչպես է ինքը Թրամփի հետ քննարկել նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հետաքննությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Քոմին պատրաստ է հաստատել, որ նախագահը իր վրա ճնշում է գործադրել։