Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ու շրջակա մի քանի այլ բնակավայրերի բնակիչներն այսօր՝ հունիսի 1-ին, ի նշան բողոքի պատրաստվում էին փակել Երեւան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Պատճառը Սեւանա լճից խեցգետնի որսի արգելքի հետեւանքով առաջացած վիճակն է:

Կառավարության որոշմամբ, մայիսի 13-ից Սեւանում արգելվել է խեցգետնի որսը եւ արտահանումը: Սակայն մարզից խեցգետին արտահանողները մինչեւ արգելքը մեծ քանակությամբ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 100 տոննա խեցգետին են գնել ձկնորսներից ու պահեստավորել ջրավազաններում: Արգելքի որոշումից հետո տնտեսվարողները կանգնել են փաստի առաջ. նրանք արդեն վճարել են ապրանքի դիմաց կամ պարտավորվել են վճարել, բայց արտահանել չեն կարողանում:

Նորատուսի բնակիչ Արտեմը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արգելքի պատճառով ՝ խեցգետնի պահման, հոսանքի ու ջրի վարձի, աշխատակիցների վարձատրության, ինչպես նաեւ խեցգետնի կորստի (ջրում երկար մնալուց սատկում են) պատճառով տնտեսվարողները օրական մինչեւ 500 հազար դրամ են կորցնում: Նրա խոսքով, այսօր մարզի իշխանությունները, այդ թվում ոստիկանությունն ու մարզպետարանը, հորդորել են չփակել ճանապարհը, մինչեւ խնդրին լուծում տրվի:

«Մենք ընդառաջ գնացինք, որովհետեւ չենք ուզում ծայրահեղ քայլի գնանք, բայց կասկածում եմ, որ լուծում կտան: Ամսի 13-ից սկսած, ամեն օր էսօր-էգուց են անում, խոստանում են, որ հարցը կլուծեն, էլ բնապահպանության նախարարը, էլ ազգային պարկի պետը, բոլորը», - ասաց Արտեմը:

Նա նշեց նաեւ, որ խնդիր ունեն ոչ միայն խեցգետին արտահանողները. մարզի բնակչությունը վաղուց ի վեր Սեւանի ափին ապրում է ձկնորսության, մասնավորապես, խեցգետնի որսի հաշվին, եւ յուրաքանչյուր արգելք մարդկանց ստիպում է կամ արտագաղթել, կամ ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով գումար վաստակել:

Ամեն դեպքում, ըստ մեր զրուցակցի, նորատուսցիներն ու ոչ միայն նրանք, այլեւ Գեղարքունիքի լճամերձ գրեթե բոլոր համայնքների բնակիչները վճռական են տրամադրված: Նրանք պատրաստ են տեսուչներ ընդունել համապատասխան ստուգող գերատեսչություններից եւ ապացուցել նրանց, որ ավազաններում առկա խեցգետինը որսացել են արգելքից առաջ: Նրանք պատրաստ են անգամ մանր խեցգետինը հետ ջուրը լցնել, բայց վնասի ծավալները նվազեցնելու համար պահանջում են թույլատրել արտահանել եղած ապրանքը: